1 Kings 15
1 Նաբատի որդի Հերոբովամի թագավորության տասնութերորդ տարում Աբիամը թագավորեց Հուդայի վրա։
2 Երեք տարի նա թագավորություն արեց Երուսաղեմում. նրա մայրն Աբիսողոմի դուստրն էր, անունը՝ Մաաքա։
3 Եվ նա շարունակեց գործել այն բոլոր մեղքերը, որ գործել էր իր հայրը իրենից առաջ, և նրա սիրտը ուղիղ չէր իր Տեր Աստծու հանդեպ, ինչպես իր հայր Դավթի սիրտը։
4 Որովհետև Դավթի սիրուց նրա Տեր Աստվածը նրան մեկ ճրագ էր տվել, որ իրենից հետո նրա որդուն հաստատի Երուսաղեմում և հաստատուն պահի Երուսաղեմը,
5 որովհետև Դավիթն ուղիղն արեց Տիրոջ առաջ և իր կյանքի բոլոր օրերին չխոտորվեց այն ամենից, որ պատվիրված էր իրեն, բացի քետացի Ուրիայի դեմ արածից։
6 Եվ պատերազմ կար Ռոբովամի և Հերոբովամի միջև նրա կյանքի բոլոր օրերին։
7 Աբիամի մնացած գործերի և այն ամենի մասին, որ նա արել է, ահա գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում. և պատերազմ կար Աբիամի և Հերոբովամի միջև։
8 Աբիամը ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում. և նրա որդի Ասան թագավորեց նրա փոխարեն։
9 Իսրայելի Հերոբովամ թագավորի քսաներորդ տարում Ասան թագավոր դարձավ Հուդայի վրա։
10 Եվ քառասունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մայրն Աբիսողոմի դուստրն էր, անունը՝ Մաաքա։
11 Ասան ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ, ինչպես իր հայր Դավիթը։
12 Երկրից դուրս արեց իգացողներին և վերացրեց իր հայրերի շինած բոլոր կուռքերը։
13 Եվ իր մայր Մաաքային էլ հեռացրեց տիկնությունից, որովհետև նա Աստարովթի կուռք էր շինել. և Ասան բնաջնջեց նրա շինած գարշությունը և այրեց Կեդրոնի հեղեղատում։
14 Սակայն չվերացրեց Բարձր տեղերը. բայց Ասայի սիրտն ուղիղ էր Տիրոջ հանդեպ իր կյանքի բոլոր օրերին։
15 Եվ նա իր հոր նվիրած և իր նվիրած ամեն բան՝ արծաթը, ոսկին և անոթները, բերեց Տիրոջ տուն։
16 Եվ պատերազմ կար Ասայի և Իսրայելի Բաասա թագավորի միջև նրանց կյանքի բոլոր օրերին։
17 Եվ Իսրայելի Բաասա թագավորը ելավ Հուդայի դեմ և շինեց Ռաման, որպեսզի ոչ ոք ելք ու մուտք չունենա Հուդայի Ասա թագավորի հետ։
18 Եվ Ասան վերցրեց Տիրոջ տան գանձի մեջ և թագավորի տան գանձի մեջ մնացած ամբողջ արծաթն ու ոսկին և տվեց իր ծառաների ձեռքը, և Ասա թագավորը դրանք ուղարկեց Դամասկոսում բնակվող ասորիների թագավորին՝ Էզիոնի որդի Տաբրեմոնի որդի Բենադադին՝ ասելով.
19 «Դաշինք կա իմ և քո միջև, իմ հոր և քո հոր միջև։ Ահա քեզ համար արծաթ ու ոսկի եմ ընծա ուղարկել. քանդի՛ր քո դաշինքը, որ կնքել ես Իսրայելի Բաասա թագավորի հետ, որպեսզի նա գնա ինձնից»։
20 Եվ Բենադադը լսեց Ասա թագավորին և իր զորքերի հրամանատարներին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ և հարվածեց Իյոնը, Դանը, Աբել-Բեթ-Մաաքան և ամբողջ Քեներեթն ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը։
21 Եվ երբ Բաասան լսեց այդ մասին, դադարեց Ռաման շինելուց և բնակվեց Թերսայում։
22 Ապա Ասա թագավորը հավաքեց Հուդայի բոլոր որդիներին առանց բացառության, և նրանք վերցրին Ռամայի քարերն ու փայտերը, որոնք Բաասան օգտագործել էր շինարարության համար։ Եվ Ասա թագավորը դրանցով շինեց Բենիամինի Գաբան և Մասփան։
23 Եվ Ասայի մնացած բոլոր գործերի՝ և՛ նրա ամբողջ զորության, և՛ նրա բոլոր արածների, և՛ նրա շինած քաղաքների մասին ահա գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում, բացի նրանից, որ իր ծերության ժամանակ ոտքերը ցավում էին։
24 Եվ Ասան ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի հետ իր հայր Դավթի քաղաքում. և նրա փոխարեն թագավորեց իր Հոսափատ որդին։
25 Հերոբովամի որդի Նադաբը թագավոր դարձավ Իսրայելի վրա Հուդայի թագավոր Ասայի երկրորդ տարում և երկու տարի թագավորեց Իսրայելի վրա։
26 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ և գնաց իր հոր ճանապարհով ու նրա մեղքերով և դրանցով էլ մեղանչել տվեց Իսրայելին։
27 Եվ նրա նկատմամբ դավադրություն արեց իսաքարցի Աքիայի որդի Բաասան. և Բաասան նրան ջարդեց փղշտացիների Գաբաթոնում, երբ Նադաբը և ամբողջ Իսրայելը պաշարել էին Գաբաթոնը։
28 Բաասան սպանեց նրան Հուդայի Ասա թագավորի երրորդ տարում և ինքը թագավորեց նրա փոխարեն։
29 Եվ հենց որ թագավոր դարձավ, կոտորեց Հերոբովամի ամբողջ տունը. ոչ մի կենդանի շունչ չթողեց Հերոբովամի համար, բնաջինջ արեց բոլորին՝ Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառա սիլոնացի Աքիա մարգարեի միջոցով
30 Հերոբովամի գործած և Իսրայելին մեղանչել տված նրա այն մեղքերի համար, որոնցով բարկացրել էր Իսրայելի Տեր Աստծուն։
31 Նադաբի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։
32 Եվ պատերազմ կար Ասայի և Իսրայելի Բաասա թագավորի միջև նրանց կյանքի բոլոր օրերին։
33 Հուդայի Ասա թագավորի երրորդ տարում Աքիայի որդի Բաասան թագավոր դարձավ ամբողջ Իսրայելի վրա՝ Թերսայում, և թագավորեց քսանչորս տարի։
34 Եվ չարիք գործեց Տիրոջ առաջ և գնաց Հերոբովամի ճանապարհով ու նրա մեղքերով, որոնցով մեղանչել տվեց Իսրայելին։